ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Երևանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի ու Ալիևի պրահյան հանդիպումը մոտեցրել է դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ կետերի ուղղությամբ»,- նշեցին նախագահի մամուլի ծառայությունից։
Սերժ Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության պաշտոնը ստանձնելուց հետո պրահյան հանդիպումը չորրորդն է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարձր մակարդակով բանակցային գործընթացում:
Սարգսյան-Ալիև հանդիպումն սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բերնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այնուհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով, որը տևել է ավելի քան երկու ժամ:
«Հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար, ինչը հնարավորություն է տվել կողմերին առավել հստակեցնելու մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաև մոտեցնելու դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին «մադրիդյան առաջարկությունների» հիման վրա շարունակել աշխատանքները հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ և նախապատրաստել երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-