ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը պայմանավորված է Վրաստանի տարածքում ստեղծված իրավիճակով, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։
«Հայաստանն առանց այդ էլ 100 տոկոսով չէր կողմնորոշվել՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, սակայն ստեղծված իրավիճակն ավելի շատ նպաստեց, որպեսզի նման որոշում ընդունվի»,- ասաց Ղազինյանը։
Ընդ որում նա նշեց, որ Հայաստանը կանոնավոր կերպով մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարություններին՝ թեև չի ծրագրում մտնել Հյուսիսատլանտյան դաշինք։
Երեքշաբթի Թբիլիսիի մոտակայքում առանձին զրահատանկային գումարտակը հայտարարեց Վրաստանի իշխանություններին չենթարկվելու մասին՝ պահանջելով, երկրի իշխանությունների ու ընդդիմության երկխոսությունը։ Վրաստանի ՆԳՆ հայտարարեց զինված հեղաշրջման կասեցման մասին, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ մասնակցեց խռովարարների հետ բանակցություններին, որոնց մեծ մասին կալանավորեցին։
Վրացական իշխանությունների հայտարարության համաձայն՝ չնայած խռովությանը՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարությունների սցենարը, որը ծրագրված է մայիսի 6-ից հունիսի 1-ը, չի փոփոխվի։
Սպասվում է, որ զորավարություններին, որոնք բաժանված են շտաբայինի ու դաշտայինի, ընդհանուր առմամբ կմասնակցի 1100 զինծառայող դաշինքի և նրա դաշնակից 19 երկրներից։
Ռուսաստանը զորավարժությունները «բացահայտ սադրանք է համարել, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ», քանի որ ընդամենը անցյալ տարի էր, որ Վրաստանը ռազմական գործողություններ ծավալեց Հարավային Օսեթիայի դեմ։-0-