Հայաստանն անում է հնարավորինը՝ Վրաստանում իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։
«Այս կամ այն երկրում բարդություններ առաջ գալու դեպքում ՀՀ ԱԳՆ-ն երկկողմ բանակցություններ է վարում Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, սա վերաբերում է նաև Վրաստանին, որտեղ իրավիճակը մտահոգություն է առաջացնում»,- ասաց Ղազինյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ավելի մանրամասն տեղեկատվություն չունի այն մասին, թե քանի քաղաքացի է աջակցության խնդրանքով դիմել Վրաստանում Հայաստանի դեսպանատուն՝ նշելով, որ այդ երկիրն իր պատասխանատվության ոլորտում չէ։
Երեքշաբթի Թբիլիսիի մոտակայքում առանձին զրահատանկային գումարտակը հայտարարեց Վրաստանի իշխանություններին չենթարկվելու մասին՝ պահանջելով երկրի իշխանությունների ու ընդդիմության երկխոսությունը։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց զինված հեղաշրջման կասեցման մասին, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ մասնակցեց խռովարարների հետ բանակցություններին, որոնց մեծ մասին կալանավորեցին։ -0-