Համաշխարհային ռոքի լեգենդ, բրիտանական Jethro Tull խումբը մայիսի 22-ին համերգ կունենա Երևանում, հայտնեց համերգի կազմակերպիչ «VIBROGRAPHUS» ընկերության նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանը։
Jethro Tull խումբը կազմվել է 1968 թ.-ին Մեծ Բրիտանիայում։ Գործունեության ընթացքում թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել 60 մլն.-ից ավելի օրինակ, տվել ավելի քան 2500 համերգ 40 երկրներում։
«Առաջին անգամ նման հանրահայտ բրիտանական խումբը գալիս է Հայաստան, և ընդհանրապես Անդրկովկասում նման խմբի համերգ դեռևս չի եղել»,- չորեքշաբթի Գյուլբուդաղյանն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նա հայտնեց, որ Հայաստանն առաջին անգամ ընդգրկված է Jethro Tull-ի եվրոպական համերգային շրջագայությունում, որը սկսվել է 2009 թ.-ին և որի շրջանակներում ծրագրվում է շուրջ 100 համերգ։
Jethro Tull-ը չափազանց հայտնի էր ու մասսայականություն էր վայելում 70-ականներին, այն միշտ զբաղեցրել է 4-5 տեղերեը այնպիսի խմբերից հետո, ինչպիսիք են The Beatles-ը, Rolling Stones-ը և Pink Floyd-ը, և այսօր խումբը շարունակում է իր երաժշտական ու համերգային գործունեությունը»,- պարզաբանեց նա։
Գյուբուդաղյանը հայտնեց նաև, որ Jethro Tull-ի երաժիշտները Հայաստան կժամանեն մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը, հենց նույն օրը կտան մամուլի ասուլիս, հետո կհանդիպեն Հայաստանի բարձրաստիճան պետական այրերի ու ռոք-համայնքի ներկայացուցիչների հետ։
«VIBROGRAPHUS» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանն ասաց, որ համերգի կազմակերպիչները նպատակ ունեն զարգացնելու ռոք-մշակույթը Հայաստանում և ընդլայնելու ռոք-լսարանը։
«Jethro Tull-ի ժամանումը կարող է նաև խթան հանդիսանալ հանրապետությունում նոր ռոք խմբերի ի հայտ գալու և զարգացման համար»,- ասաց նա։
Գրիգորյանը հաստատեց, որ լեգենդար խումբը Երևանում հանդես կգա իր հիմնական կազմով՝ բացառությամբ թմբկահարի, որին փոխարինել է ավելի երիտասարդ երաժիշտ։
Այսօր խմբի կազմում են Յան Անդերսոնը (Ian Anderson), Մարտին Բարը (Martin Barre), Դեյվիդ Գուդիերը (David Goodier), Ջոն Օ’Հարան (John O'Hara), Մարկ Մոնդեսիրը (Mark Mondesir)։
«Համերգը երկու մասից բաղկացած կլինի և կտևի ավելի քան 2 ժամ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագրում ընդգրկված են ինչպես խմբի հայտնի և լեգենդար երգերը, այնպես էլ նոր ստեղծագործություններ։
Ամերիաբանկի մարքեթինգի ու PR բաժնի ղեկավար Ռեբեկա Հակոբյանը ողջունեց տվյալ նախաձեռնությունը և կարևորեց այս մասշտաբի խմբի ժամանումը Հայաստան։
«Մեր երիտասարդության համար սա հերթական հնարավորությունը կլինի հաղորդակցվելու իսկապես առաջընթացային երաժշտության հետ, իսկ ինքը՝ համերգը կնպաստի հայկական ռոքի զարգացմանը»,- ասաց նա։
Համերգի գլխավոր հովանավորներն են «Լույս» հիմնադրամն ու Ամերիաբանկը։
Տեղեկատվական հովանավորներն են՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը, HAI FM 105.5 ռադիոն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ -0-