ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևան երեքշաբթի այցելեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացոնղ հուշահամալիր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հետ նա ծաղիկներ դրեց Ծիեռնակաբերդի հուշահամալիրին։
ՌԴ նախագահի տիկինն այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Նա այստեղ գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում. «Սգում ենք միասին։ Պատմության սարսափելի էջերը ստիպում են մեզ խորհել հավերժականի մասին։ Մաղթում եմ հուշահամալիրի բոլոր աշխատակիցներին, ովքեր պահպանում են հիշողությունը, առողջություն և բարիք։ Ողջ հայ ժողովրդին՝ բարգավաճում և խաղաղ երկինք»։
Այնուհետև Մեդվեդևան ջրեց այն եղևնին, որը հուշահամալիրի Հիշատակի ծառուղում նախորդ տարվա հոկտեմբերի 21-ին տնկել էր այստեղ պաշտոնական այցով գտնվող Դմիտրի Մեդվեդևը։ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևից»,- ասում է եղևնու կողքին տեղադրված ցուցանակը։
Բացի այդ Ռուսաստանի նախագահի տիկինն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Սվետլանա Մեդվեդևային և Ռիտա Սարգսյանին ողջունեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ով պատմեց հայ եկեղեցու գործերի և խնդիրների մասին։
Ռուսաստանի նախագահի տիկինը մոմ վառեց Էջմիածնի Մայր Տաճարում։ Հանդիպման ավարտին Նորին Սրբության ուղեկցությամբ հյուրերը Վեհարանի թանգարանային սրահներում ծանոթացան Հայ Եկեղեցու գանձերի և սրբությունների հետ: 2001 թվականին այստեղ հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։
Երեկոյան Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության առաջին տիկնայք ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերային: Այն տեղի է ունենում Ռիտա Սարգսյանի և Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո: Բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը: -0-