ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական խորհուրդների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում շեշտել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, ըստ Սերժ Սարգսյանի՝ ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլև դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի:
Մեր իրականության մեջ առկա խնդիրներից առանձնացնելով հասարակության ինքնակազմակերպման մեխանիզմների անկատարությունը, ինքնակազմակերպման ավանդույթների պակասը` նախագահը նշել է, որ սա իսկապես կարևոր ոլորտ է և կապվում է նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտության հետ:
«Ուժեղ ուսանողական խորհուրդների կայացումն ունի հասարակության ինքնակազմակերպումը խթանող գործառույթ: Հենց այստեղ է, որ թերևս առաջին անգամ երիտասարդները սովորում են ընդհանուր նպատակի շուրջ միավորվել, ինքնակազմակերպվել, համատեղ որոշումներ ընդունել, պայքարել սեփական շահերի համար: Սա առանձին մշակույթ է, որի արմատավորումը մեծապես կարող է նպաստել ամենատարբեր ոլորտներում հասարակության ուժերի համադրման կարողությունների զարգացմանը»,- ընդգծեց նա։
Երկրի ղեկավարի խոսքերով՝ «եթե կայանան ուժեղ ուսանողական խորհուրդներ, նշանակում է, որ վաղը հեշտությամբ կարող են կայանալ ուժեղ համատիրություններ, ուժեղ արհմիություններ, և ինչու չէ` նաև ուժեղ կուսակցություններ»։
Նախագահը նշեց, որ «փորձը մեծ բան է, և երբեք որևէ մեկը, եթե նա խելամիտ մարդ է, փորձից չպետք է հրաժարվի: Բայց միևնույն ժամանակ, մենք պետք է նաև հասկանանք, հաշվի առնենք, որ փորձը լինում է և դրական, և բացասական»։
«Փորձառու պաշտոնյան, անշուշտ, մեր երկրի շատ լավ, շատ օգտակար քաղաքացին է, բայց, ցավոք, շատ պարագաներում փորձված պաշտոնյան փորձված է լինում նաև չարաշահումների մեջ: Այնպես որ ամենից ճիշտ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք հաջողությամբ համադրել փորձն ու երիտասարդական ավյունը: Մենք պատրաստ ենք դա անել, բայց նաև պետք է տեսնենք դրան պատրաստ երիտասարդներ»,- ասել է երկրի ղեկավարը։
Օրինակ բերելով շախմատից՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները:
«Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը: Հիմա արդեն ութ, ինը, տասը տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները համատարած երիտասարդներ են, և սա մեկ անգամև ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: Եվ հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ»,- ասաց նա:
Այս կապակցությամբ նախագահն ասել է, որ Հայաստանում էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ:
«Մենք կարիք ունենք նախաձեռնող պետական պաշտոնյաների, կարիք ունենք նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, կարիք ունենք երիտասարդ նախաձեռնող գիտնականների: Եվ այս խնդիրները դուք պետք է լուծեք»,- ընդգծել է նա։
Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը, «շնորհիվ ձեր պապերի և տատերի Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որում պատվով են վերաբերում կրթությանն ու կիրթ մարդկանց»։
«Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, և այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել»,- նշել է նախագահը։
Նշելով, որ երիտասարդությունը շատ խնդիրներ ունի, նախագահ Սարգսյանը առանձնացրել է դրանցից քանիսը:
«Առաջին, երիտասարդը պետք է մշտապես զբաղվի մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը»,- ընդգծեց նա։
Բացի այդ, երկրի ղեկավարի խոսքերով, երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչև ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:
«Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որևէ մեկը սրանում չի կասկածում»,- ընդգծեց նա։
Նախագահի խոսքից հետո շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն է ծավալվել ուսանողությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին, պետպատվեր -աշխատաշուկա հարաբերակցությանը, սոցիալական հարցերի, ասպիրանտուրայի ընդունելության և կադրերի վերարտադրման խնդիրներին, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ուսանողների խնդրանքով երկրի ղեկավարը խոսել է նաև արտաքին քաղաքական հրատապ խնդիրների մասին:-0-