ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն մայիսի 6-8-ն առաջին անգամ կայցելի Հայաստան:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության նախարարությունների, Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային ժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նա նաև կմասնակցի ՀՀ ԱԳՆ-ի կողմից համակարգվող հակաթրաֆիքինգային միջգերատեսչական խորհդի աշխատանքային խմբի հանդիպմանը:
Հատուկ ներկայացուցչի հանդիպումները կօգնեն խորացնել ու ամրապնդել Հայաստանում հակաթրաֆիքինգային դերակատարների համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հստակեցնել այն ոլորտները, որտեղ ԵԱՀԿ-ի աջակցությունը և փորձը կարող է օգտակար լինել:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մյուս միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ աջակցում է Հայաստանի իշխանություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության ապահովման մեխանիզմներ և հակաթրաֆիքինգային ռազմավարությունների մշակման հարցերում: -0-