ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները տարվում են ԸՀ-ների պահանջներին համապատասխան, ասաց հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։
«Եթե Երևանի Ավագանու խորհրդի թեկնածուների նախնական թիվը կազմում էր 644 մարդ, ապա ներկայում նրանց թիվը հասել է 629-ի՝ որոշ թեկնածուների ինքնաբացարկի հաշվին»,- երկուշաբթի լրագրողներին տեղակացրեց Ազարյանը։
Ըստ նրա, Ընտրական օրենսգրքի համաձայն, ապրիլի 21-ից ընտրացուցակները կփակցվեն բոլոր 439 ընտրական տեղամասերում, ինչպես նաև հասանելի կլինեն ԿԸՀ պաշտոնական կայքում։
«Մայիսի 4-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կսկսի եթերային ժամանակ տրամադրել թեկնածուներին նախընտրական քարոզարշավի շրջանակներում»,- ասաց նա։
Ազարյանը նաև նշեց, որ նախապատրաստական աշխատանքների ձևաչափում ԿԸՀ-ն շարունակում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ-ն հետ։
«Մասնավորապես, IFES աջակցությամբ ընտրական տեղամասերում կտեղադրվեն նոր քվեախցիկներ միանգամյա օգտագործման համար։ Դրանով իսկ մենք կամենում ենք հրաժարվել փայտե խցիկներից, օգտագործման առումով ավելի հարմար նոր քվեախցիկները կտեղադրվեն սեղանների վրա»,- պարզաբանեց նա։
ԿԸՀ ղեկավարն ասաց, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ արդեն ձևավորված 13 ընտրական հանձնաժողովների անդամների համար։
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ պատրաստվել է գովազդային ոչ մեծ հոլովակ, որը կհեռարձակվի քարոզարշավներում ընդգրկված բոլոր հեռուստաալիքներով»,- հայտնեց նա։
Միաժամանակ Ազարյանն ավելացրեց, որ ԵԱՀԿ-ն նաև կպատրաստի պաստառներ ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների և դաշինքի մասին, որոնք կփակցվեն բոլոր ընտրատեղամասերում։
ՀՀ ոստիկանության նախնական տվյալներով, ընթացիկ տարվա ապրիլի 21-ին Երևանում գրանցվել է 771353 ընտրող, ինչը 7570-ով ավելի է 2009 թվականի հունվարի 1-ի տվյալներից։
Մայիսի 31-ին կանցկացվեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։
Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: -0-