ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ցանկանում է եվրոպական օրենքներով ապրել, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքի մասնակիցներին։
«Մենք ցանկանում ենք փոխել մեր կյանքի կանոնները և ապրել եվրոպական կանոններով, բայց միաժամանակ այդ ընդհանուր համադրությանը մեր սեփական երանգն ավելացնել»,- ասաց նախագահը մայիսի 1-3-ը Ծաղկաձորում անցկացված ոչ պաշտոնական հավաքի ժամանակ։
Նախագահն ավելացրեց, որ Հայաստանը տարբեր եվրոպական կառույցներ է մտել և կամավոր իր վրա վերցրել պարտավորություններ, որոնք պարտավոր է կատարել։
Սարգսյանը նաև նշեց, որ ցանկացած «հայ իրեն եվրոպացի է զգում անկախ այն բանից եվրոպացիներն այդպես կարծում են, թե ոչ»։
Նախագահը հայտնեց մոտ օրերս Պրահա կատարելիք իր այցի մասին՝ գագքթնաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ ևս մի քանի հետխորհրդային պետությունների ներկայացուցիչների հետ կքննարկվեն ԵՄ հետ նոր հարաբերություններ ձևավորելու հարցեր։
Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ պաշտոնական հավաքը կազմակերպվել է ՄԻԱԿ կուսակցության կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։
Հավաքին մասնակցել են շուրջ 30 երիտասարդ քաղաքական գործիչներ 12 եվրոպական երկրներից և շուրջ 20 մարդ Հայաստանից։ Հանդիպման նպատակը երիտասարդ քաղաքական գործիչներին միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական ու այլ հարցերի շուրջ ոչ պաշտոնական ձևաչափում քննարկումներ անցկացնելու հնարավորություն տալն է։
Ոչ պաշտոնական հավաքի ժամանակ մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և այլ բարձրաստիճան անձանց հետ։
Երիտասարդների ոչ պաշտոնական հավաքը Ծաղկաձորում անցկացվել է մայիսի 1-3-ը։ Դրան մասնակցել են երիտասարդ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Բելգիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Դանիայից, Հունգարիայից և Ղազախստանից։ -0-