Հայաստանը պատրաստ է նախնական միջոցառումներ իրականացնել խոզի գրիպի տարածման վտանգը նվազեցնելու համար

30.04.2009, 12:41
Հայաստանը պատրաստ է նախնական միջոցառումներ իրականացնել խոզի գրիպի տարածման վտանգը նվազեցնելու համար
Հայաստանը պատրաստ է նախնական միջոցառումներ իրականացնել խոզի գրիպի տարածման վտանգը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը պատրաստ է բոլոր անհրաժեշտ նախնական միջոցառումներն իրականացնել խոզի գրիպի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ։ 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է հիվանդության ռիսկը, քանի որ այն արագ մարդուց մարդու է փոխանցվում, և մենք պատրաստ ենք անցկացնել բոլոր միջոցառումները ռիսկը նվազեցնելու համար»,- ասաց նա։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ ապրիլի 30-ի առավոտյան նախարարությունում օպերատիվ խորհրդակցություն է  անցկացվել, որի արդյունքներով կարելի է փաստել, որ համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, ինչպես և երեկ, կայուն է, և խոզի գրիպի ոչ մի դեպք հանրապետությունում չի գրանցվել։  

«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ հակահամաճարակաբանական միջոցները, խստացվել է վերահսկողությունը Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում»- ասաց նա՝ հավելելով, որ հանրապետությունը ապահովված է անհրաժեշտ քանակի դեղորայքով։  

Ընդ որում Քուշկյանն ընդգծեց, որ 2-3 օրվա ընթացքում Պետգնումների գործակալության կողմից ձեռք կբերվեն ջերմացույցեր, որոնք կտեղակայվեն օդանավակայաններում։

Այդ սարքավորումը թույլ է տալիս որոշել ուղևորների մոտ ջերմության բարձրացումը, ինչը հնարավորություն կտա բժիշկներին օպերատիվ կերպով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքերով՝ հանրապետությունում արվում է հնարավոր ամեն բան՝ վիրուսի ներթափանցումը կասեցնելու համար։ «Հսկիչ անցակետերում երկիր ներկրվող բեռները ախտահանվում են»,- ասաց նա։ Ընդ որում նախարարը առաջարկեց վիրուսի՝ խոզից թռչուններին անցման վտանգի կապակցությամբ սահմանափակել նաև թռչնամսի ներկրումը հանրապետություն։ «Խոսքը ինչպես սառեցրած թռչնամսի, այնպես էլ կենդանի թռչնի մասին է»,- ասաց նա։    

Իր կողմից ԱԻՆ ղեկավար Մհեր Շահգելդյանը նշեց, որ նախարարության բոլոր սահմանամերձ ստորաբաժանումները խիստ պատրաստվածության վիճակի են բերված և գտնվում են համապատասխան գերատեսչական ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ու տարածաշրջանային ինքնակառավարման մարմինների  հետ անընդհատ կապի մեջ։

Միաժամանակ նա նշեց կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը ոչ միայն օդանավակայններում, այլև ինքնաթիռներում՝ վարակված աանձանց ի հայտ գալու դեպքում ուղևորների վարակումը կասեցնելու նպատակով։ -0-