Երևանում գովազդի հարցերի շուրջ անցկացվող համաժողովը պետք է ամենամյա դառնա. կազմակերպիչ

29.04.2009, 13:17
Երևանում գովազդի հարցերի շուրջ անցկացվող համաժողովը պետք է ամենամյա դառնա. կազմակերպիչ

Միջազգային գիտագործնական գովազդային համաժողովը, որն առաջին անգամ Երևանում կազմակերպվել է ապրիլի 10-ին, պետք է ավանդական ու ամենամյա դառնա, ասաց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գովազդի ֆակուլտետի դեկան Նինա Կևորկովան։

Համաժողովի նպատակը Հայաստանի գովազդային ոլորտի առաջ կանգնած խնդիրների ու հարցերի քննարկումն էր և արտասահմանցի մասնագետների հետ փորձի փոխանակումը։ Համաժողովի կազմակերպիչներն են Հայկական գովազդային խորհուրդն ու ՌՀՀ։

«Հույս ունենք, որ մեզ կհաջողվի ամեն տարի հավաքել բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր ցանկանում են բարելավել Հայաստանի գովազդային դաշտը»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կևորկովան։   

Իր հերթին, ՀԳԽ նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ առաջին անգամ Հայաստանում հաջողվել է միևնույն դահլիճում հավաքել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են գովազդի ոլորտում՝ սկսած գովազդատուներից, մինչև այն տարածողները։

«Համաժողովին ներկա էին մարքեթինգային և PR-կազմակերպություններ, գովազդի դասավանդմամբ զբաղվող բուհեր, ինչպես նաև մեդիա-ընկերություններ ու Հայաստանում գովազդի ստեղծման ոլորտում աշխատող կազմակերպություններ»,- ասաց նա։  

Մարտիրոսյանը նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, ովքեր աշխատում են գովազդային ոլորտի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև այն նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնց հետ համատեղ Հայկական գովազդային խորհուրդը աշխատում է համապաստասխան օրենքներում ուղղումներ մտցնելու ուղղությամբ։   

Նա հավելեց, որ համաժողովի շրջանակներում մասնավորապես բրենդինգին նվիրված երկու վարպետության դասընթաց է անցկացվել։

«Ստատուս Հոլդինգ» կազմակերպության ծրագրի ղեկավար Արզուման Հարությունյանի խոսքերով, համաժողովին մասնակցել են նաև գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որը ներկայացրել է օրենսդրական փոփոխություններ, որոնց հաստատումը սպասվում է ապագայում։

«Ցավոք սրտի, սպասվող փոփոխությունները բարեփոխման բնույթ են կրում, ոչ թե օրենքի գլոբալ փոփոխման և դրանց դիտարկումը հետաձգված է 90 օրով»,- հավելեց նա։ -0-