Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է առաջիկա ամիսների ընթացքում. ամերիկացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ ղարաբաղյան հարցը հնարավոր է լուծել առաջիկա մի քանի ամսիների ընթացքում։
«Հստակ մենք դա չենք կարող կանխատեսել, բայց հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին դա հնարավոր կլինի»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց նա։
Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ավարտի ժամկետը կախված է, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից։
«Մի պահ տպավորություն ստեղծվեց, թե երկու երկրների ղեկավարները առանձնապես մտադիր չեն իրենց ժողովուրդներին նախապատրաստել խնդրի կարգավորմանը։ Սակայն այսօր մենք լիովին վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հակված են նրան, որ նախապատրաստեն իրենց երկրների բնակչությանը, որպես լավ հարևաններ, համատեղ ապրելու անհրաժեշտությանը»,- ընդգծեց նա։
Ֆասիեն ասաց, որ «այսքան տարիներ հետո զարգանում է որոշակի աստիճանի անձնական համագործակցության մի ձև ինչպես համանախագահների, այնպես էլ երկրներից յուրաքանչյուրի նախագահների միջև»։
«Մենք կարծում ենք, որ երկու նախագահներն էլ վստահ են, որ, ինչպես ասել է Ֆրանսիայի ԱԳն նախկին ղեկավար Արիսթիդ Բրիյանը, «ոչ կատարյալ փոխզիջումներն անհամամեմատ ավելի լավ են, քան իրական պատերազմը»»,- հավելեց ֆրանսիացի համանախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

