Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը

27.04.2009, 12:13
Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի ԱԳՆ ողջունում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների և Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի 2009 թ.-ի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը, ասվում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։   

Ինչպես ասվում է Ուկրաինայի ԱԳն խոսնակի մեկնաբանությունում, այդ փաստաթղթի ընդունումը վկայում է հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու կողմերի ձգտման մասին, որոնք, իրենց հերթին, կաջակցեն Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամբողջական տարածքի ձևավորմանը։  

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնում, որ Հայաստանի ու Թուրքիայի գործնական քայլերը համատեղ հայտարարության գործարկման մասին հաջողությամբ կպսակվեն՝ ի բարօրություն աշխարհի և ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանի բարգավաճման։  

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով:-0-