Ռուսաստանի և Հայաստանի հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գերիների ազատմանն ուղղված համատեղ վարժանքներ են անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.Ռուսաստանի ՆԳՆ-ի և Հայաստանի Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները ուրբաթ Երևանում գերիներ վերցրած զինված հանցագործների ձերբակալմանն ուղղված վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքին հետևել են ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը և ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ մշակված սցենարի՝ Հայաստանի իրավապահ մարմիններ տեղեկատվություն է ստացվել Երևանում պատրաստվող ահաբեկչությունների մասին, ինչից հետո ՀՀ ոստիկանությունը դիմել է ՌԴ ՆԳՆ-ին՝ հակաահաբեկչական միջոցառումների անցկացմանն աջակցելու խնդրանքով։ Մի քանի օր անց զինված հանցագործները ներխուժում են Հայաստանի Ոստիկանության ակադեմիայի շենք և գերի վերցնում կուրսանտներին։ Միաժամանակ հանցագործները պահանջում են իրենց տրամադրել ինքնաթիռ և ավտոտրանսպորտ։
Բանակցությունների ընթացքում մի քանի գերիներ կարողանում են լքել շենքը, իսկ այնուհետև սկսվում են ահաբեկիչներին ձերբակալելու և շենքում մնացած կուրսանտներին ազատելու գործողությունները։ Այս ամենի արդյունքում հինգ հանցագործներ «սպանվում են», ևս տասը՝ ձերբակալվում, իսկ բոլոր գերիներն ազատ են արձակվում։
Վարժանքներին մասնակցել են երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների ավելի քան 300 մարտիկներ։ Գործի է դրվել 13 միավոր տեխնիկա, այդ թվում նաև ռազմական ուղղաթիռ և «Վագր» զրահապատ ոստիկանական մեքենան։
ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը գոհ էր վարժանքներից։ «ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգության նոր ճարտարապետությունը կառուցելիս մեզ համար շատ կարևոր է կադրերի համատեղ նախապատրաստումը», - նշել է նա։
Նախարար խոսքերով՝ այսօր Հայաստանի Ոստիկանության ակադեմիայում գործնականում իրական իրավիճակ էր մշակվում, որը կարող է առաջանալ ցանկացած պահի ցանկացած երկրում։ «Գերիների ազատ արձակման գործառույթը մեր բոլոր երկրներում դրված է հատուկ նշանակության ստորաբաժանումների վրա, իսկ այսօր մենք հնարավորություն ունեինք գործնականում մշակել փոխգործակցություն, փորձ փոխանակել», - ասել է Նուրգալիևը։
Նա ավելացրել է, որ սա ԱՊՀ տարածքում առաջին համատեղ հակաահաբեկչական վարժանքը չէ և հավաստիացրել, որ նմանատիպ միջոցառումները կանցկացվեն կանոնավոր կերպով:
ՀՀ ոստիկանապետը համաձայնել է իր ռուս գործընկերոջ հետ և հայտարարել լրագրողներին, որ նման վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել հնարավորինս հաճախ։
«Ինչպես ասում են՝ դժվար է վարժանքներում, հեշտ՝ մարտում, նման վարժանքները մեզ հնարավորություն են տալիս գործել արագ և առավել արդյունավետ պայքարել հանցավորության դեմ, - ասել է նա։-0-

