ՌԴ-ն կսատարի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Բաքվի և Երևանի ցանկացած համատեղ որոշման. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան կսատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած որոշում, որը կընդունվի Բաքվի և Երևանի կողմից, հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար ՍԵրգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատասխանելով «Ռոսիյսկայա գազետա» թերթի ընթերցողների հարցին այն մասին, թե «Ռուսաստանը Արևմուտքի առաջ զիջումների կգնա՞» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Լավրովը նշեց, որ այդ խնդրի առնչությամբ Ռուսաստանը երբեք «միակողմանի դիրքորոշում չի ունեցել»։
«Մենք մասնակցում ենք այդ հիմնահարցի լուծմանը միջազգային հանրության հետ մեկտեղ, նախևառաջ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակներում ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին։ Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական մասնակցության համատեքստում ինչ-որ «մանրադրամների» մասին խոսելն առնվազն կոռեկտ չէ»,- նշեց Լավրովը։
«Ռուսաստանը տվյալ դեպքում կատարելապես չեզոք դիրքորոշում է զբաղեցնում և պատրաստ է սատարել հիմնահարցի ցանկացած լուծման, որն ընդունելի կլինի կողմերից երկուսի՝ Երևանի ու Բաքվի համար»,- ավելացրեց նա։-0-

