Հայաստանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ չի քննարկել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ օգտագործման հարցը Ղարաբաղյան կարգավորման մեջ. նախագահ

10.04.2009, 19:14
Հայաստանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ չի քննարկել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ օգտագործման հարցը Ղարաբաղյան կարգավորման մեջ. նախագահ

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օգտագործման հարցը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի քննարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես կցանկանայի, որ այս հարցը ընդհանրապես երբևէ չքննարկվեր և մնար տեսական հարթության վրա»,- ուրբաթ նախագահն ասաց լրագրողներին։

ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովի ընթացքում։

Ընդ որում, հայկական պետության ղեկավարը նշեց, որ «Լեռնային Ղարաբաղում չեն կարող լուրջ գործողություններ ծավալվել առանց Հայաստանի դեմ ուժ կիրառելու»։

«Իսկ Հայաստանի դեմ ուժի կիրառումը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում Պայմանագրի հերթական կետը, այն է՝ մեկ երկրի դեմ ուժի կիրառումը նշանակում է ուժի կիրառում մյուս բոլոր երկրների դեմ»,- ընդգծեց նա։  

Ընդ որում Սարգսյանը նշեց, որ ոչ Ադրբեջանը, ոչ մյուս երկրներն առանձնապես չպետք է անհանգստանան, քանի որ բոլորը պարտավորվել են մեկը մյուսի դեմ ուժ չկիրառել։

«Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի համատեքստում այս դրույթն ամրագրված է ինչպես Մայնդորֆի հռչակագրում, այնպես էլ բոլոր հիմնարար փաստաթղթերում, իսկ 2008 թ.-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ղարաբաղի առնչությամբ արված հայտարարության մեջ հստակ առանձնացված է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և ուժի կիրառման բացառում»,- պարզաբանեց նա։ Այսպիսով, հայկական պետության ղեկավարի խոսքերով, ոչ ոքի համար անհանգստության առիթ չկա։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-