Վրաստանում հայ ակտիվիստն ազատազրկման է դատապարտվել քաղաքական հայացքների համար . պատգամավոր
Ջավախքի (հայաբնակ շրջան Վրաստանում) հայ ակտիվիստ Վահագն Չախալյանըը դատապարտտվել է ազատազրկան վրացական դատարանի կողմից իր քաղաքական հայացքների և հասարակական գործունեության համար, կարծում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Վրացական դատարանը երեքշաբթի Չախալյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։
«Չախալյանը չի կատարել մեղադրանքով իրեն վերագրված հանցագործությունները։ Եվ այս բոլոր մեղադրանքները հերքվել են դատավարության ընթացքում, քանի որ հիմվնած չեն եղել ապացույցների վրա»,- ասաց Թորոսյանն ուրբաթ մամուլի ասուլիսին։
Ըստ նրա, Չախալյանի ձերբակալությունն ուղղված է ոչ միայն նրա և նրա ընտանիքի, այն նաև Ջավախքի ողջ հայ բնակչության դեմ։
«Այդ հարցը դեռևս երկար ժամանակ կլինի վրացական իշխանությունների խնդիրը, քանի որ Չախալյանն անպայման կբողոքարկի դատավճիռը բարձր դատական ատյաններում և անհրաժեշտության դեպքում՝ միջազգային ատյաններում»,- ավելացրեց Թորոսյանը՝ հույս հայտնելով, որ վերջիվերջո հարցն արդար լուծում կստանա։
2009թ. ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաև նրա հոր՝ Ռուբեն Չախալյանի և կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Վահագն Չախալյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման։
Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջեց 14 տարի ազատազրկում և 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում և 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում և 3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար) տուգանք: Այնուհետև ելույթներով հանդես եկան դատապաշտպանները:
Դատարանը մեղավոր ճանաչեց Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի կամ խուլիգանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության: Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում) և 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5,000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:
Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետև` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: -0-

