Հայ խորհրդարանականները ուղղումներ են մտցրել երկրի Դատական օրենսգրքում
ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ ու լրացումներ մտցրին երկրի Դատական օրենսգրքում։ Ինչպես հայտնեց ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ուղղումներ կատարելը պայմանավորված է դատական կարգադրիչների ինստիտուտի գործունեության կանոնակարգման անհրաժեշտությամբ, որն արդեն երկու տարի է, գործում է։
«Ուղղումների համաձայն առաջարկվում է կարգադրիչներին զենք կրելու իրավունքով օժտել։ Դա պայմանավորված է նրանով, որ ավելի վաղ կարգապահության պահպանումը դատարաններում ապահովում էր ՀՀ ոստիկանությունը, այժմ այդ լիազորությունները փոխանցված են դատական կարգադրիչներին»,- պարզաբանեց նա։
Դանիելյանի խոսքերով, սահմանվում են նաև զենքի կիրառման ու իրավապահ մարմիններին այդ գործողությունների հետևանքների մասին իրազեկման հիմունքները։ Մասնավորապես, արգելվում է զենք կիրառել անմիջականորեն դատարանի դահլիճում, բացառությամբ խմբակային ու զինված հարձակումների դեպքերի։
Ինչպես տեղեկացրեց Արդարադատության նախարարը, հաշվի առնելով կարգադրիչների լիազորությունների ընդլայնումը, առաջարկվում է ծառայությունն ավելի կենտրոնացված դարձնել ու գլխավոր դատական կարգադրիչի պաշտոն մտցնել, որը նաև ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը կլինի։
ՀՀ Արդարադատության նախարարն ավելացրեց, որ ներկայում դատական կարգադրիչների համակարգում 800 աշխատակից կա։ -0-

