Օբաման կոչ է արել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներին ակտիվ բանակցություններ վարել հարաբերությունների նորմալացման համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Ալի Բաբաջանին ակտիվ բանակցությունների վարել՝ ուղղված երկկողմ հարաբերությունների նորմալացմանը, հաղորդում են Թուրքիայի ԶԼՄ-ները։
Օբաման անձամբ է փոխանցել իր ուղերձը ԱԳ նախարարներին «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի մասնակիցների համար Ստամբուլում նախօրեին երեկոյան կազմակերպված ընդունելության ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Թուրքիայում ֆորումին մասնակցելու նպատակով։
««Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի շրջանակներում կազմակերպված ընթրիքի ժամանակ նախագահ Օբաման հանդիպել է Թուրքիայի, Հայաստանի արտգործնախարարների հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում իր աջակցությունն արտահայտելու և լիարժեք ու շուտափույթ համաձայնության ձեռքբերման կոչ անելու համար», - նշվում է տեղեկատվության մեջ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Օբաման ասել է, որ չի փոխել իր անձնական հայացքները 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման ասել էր, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, երբ սպանվեց մոտ 1,5 միլիոն հայ, պատմական փաստ է համարում։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

