ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2009, 10:20
ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
ՀՀ նախագահը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հնագույն ժամանակներից մայրությունը սրբացվել է, և մարդկության վերաբերմուքը մոր հանդեպ եղել և մնում է ակնածանքով և պաշտամունքով լի», - նշվում է տեղեկատվության մեջ։

Նախագահի խոսքերով՝ այսօր «մենք օգտագործում ենք առիթը ևս մեկ անգամ արտահայտելու մեր սերն ու լավագույն զգացումները մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի` բոլորի նկատմամբ, ովքեր վայելել են մայրության բերկրանքը և նրանց, ովքեր դեռ նոր պիտի երջանկանան` իրականություն դարձնելով կնոջ բարձրագույն առաքելությունը»։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները, որտեղ տղամարդիկ, գուցեև անարդարացիորեն, մեծամասնություն են կազմում, իրենց պարտքն են համարում ամեն կերպ պետականորեն հոգ տանել կանանց մասին, անել հնարավորը՝ թեթևացնելու կանանց ու մայրերի հոգսերը

«Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում արդեն արձանագրվել են հաջողություններ։ Մենք հետևողական ենք լինելու հնարավոր բոլոր չարաշահումների դեմ», - ասել է ՀՀ նախագահը։

Նա ընդգծել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող ծննդյան միանվագ նպաստի չափերը մեր երկրում միայն ավելանալու են:

«Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, ամուր ընտանիքներ, արժանավոր զավակներ և անսահման կանացի հմայք», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-