Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագծին արդեն կողմ են հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի 88 անդամներ
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված №252 բանաձի նախագծին արդեն կողմ են ԱՄՆ Կոնգրեսի 88 անդամներ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում և ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։
Նրա խոսքերով՝ Ամերիկայի հայկական համագումարը կողմ է այդ նախաձեռնությանը և աշխատանքներ է տանում ԱՄՆ համայնքներում, որպեսզի մարդիկ ազդեն կոնգրեսականների վրա՝ բանաձևին սատարելու համար։
Վարդանյանը նշեց, որ բանաձևի ներկայացումը Կոնգրես դրական քայլ է՝ հավելելով, միաժամանակ, որ փաստաթուղթն ընդունելու համար այն պետք է անցնի մի քանի ատյաններով ևս։
Օրենսդրական նախաձեռնությունը առաջադրվել է Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի կողմից, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայաստան-ԱՄՆ պատգամավորական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մարկ Քըրքի կողմից։
Փաստաթղթին նախորդել է 106 բանաձևը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 110-րդ գումարման արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից։
Վարդանյանը հայտնեց նաև, որ Ասամբլեան գործարկել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված armeniangenocideaffirmation.com նոր կայքը։
«Կայքը նախատեսված է ոչ միայն ԱՄՆ հայկական սփյուռքի, այլև օտարերկրացիների համար, ովքեր կարող են ծանոթանալ Ցեղասպանության պատմությանը և 252 բանաձևին և իրենց հերթին ազդել Կնոգրեսի իրենց ներկայացուցչի վրա»,- ավելացրեց ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

