Հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական համաձայնագիրը պատրաստ է, կարծում է ընդդիմության ներկայացուցիչը

03.04.2009, 14:58
Հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական համաձայնագիրը պատրաստ է, կարծում է ընդդիմության ներկայացուցիչը

Հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մասին հայ-թուրքական համաձայնագիրն արդեն պատրաստ է և մնում է միայն ստորագրել այն, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

«Ես որևէ նոր բան չեմ ասի, մամուլում այդ մասին արդեն գրել են։ Համաձայնագրի տեքստն ամբողջովին համաձայնեցված է, և մնում է միայն հարմար պահին այն ստորագրել», - ասաց Շահնազարյանը Մամուլի ազգային ակումբում։

Նրա խոսքերով, «համաձայնագիրը բաղկացած է չորս կետից՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանի բացում, ինչպես նաև պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծում՝ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար»։

Շահնազարյանն ասաց, որ համաձայնագրի մեջ պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ կետի ներառումը սխալմունք է։ «Իշխանությունները մեծ սխալ են գործել՝ համաձայնագրի տեքստի մեջ ներառելով հանձնաժողովի վերաբերյալ կետը։ Կարելի էր պատմաբաններին վերաբերող կետն առանձին փաստաթղթի վերածել», - ավելացրեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրում՝ ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Հարաբերություններում փոփոխություններ սկսվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ դիտելու 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:  Այս այցը «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացավ և լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում: Հանդիպման ընթացքում երկու երկրի ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունները շտկելու հնարավորությունները:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-