Թուրքիան կհրաժարվի «ղարաբաղյան» նախապայմանից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում. փորձագետ
Թուրքիան կհրաժարվի «ղարաբաղյան» նախապայմանից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:
«Վերջին իրադարձությունները բերում են նրան, որ «ղարաբաղյան» նախապայմանը դուրս կմղվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունից»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը։
Նրա խոսքերով՝ դրա պատճառն այն է, որ Թուրքիան փորձում է միջնորդ լինել բոլոր տարածաշրջանային հակամարտություններում՝ հայ-ադրբեջանական, իսրայելապաղեստինյան, վրաց-ռուսական։
«Միջնորդ լինել, պահպանելով բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումը, անհնար է»,- ասաց փորձագետը։
«Եթե Թուրքիային պատվիրված է միջնորդ լինել, եթե այդ երկիրը ուզում է պահպանել Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծողի հեղինակային իրավունքը, ապա նա կփորձի հրաժարվել «ղարաբաղյան» նախապայմանից՝ պահպանելով իր դեմքն ու ցույց տալով, որ մեծ զիջում է անում Հայաստանին»,- ասաց Շաքարյանը։ --0--

