Եվրոպական թեմայի լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում իրավիճակային բնույթ է կրում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական թեմաների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում իրավիճակային բնույթ է կրում, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության պատասխանատու քարտուղար Տիգրան Պետրոսյանը։
«Եվրոպական թեմաների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում իրավիճակային բնույթ է կրում։ Չի նկատվում թեմայի համակարգային լուսաբանման խմբագրության հստակ քաղաքականություն»,- ասաց Պետրոսյանը «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» հետազոտման արդյունքներով անցկացված մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
Պետրոսյանի խոսքերով՝ Եվրոպայի մասին հայկական ԶԼՄ-ների կողմից տրամադրվող տեղեկատվության առյուծի բաժինն են կազմում քաղաքական թեմաները։
Իր հերթին «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն ասաց, որ 2008 թվականին նկատվել են եվրոպական թեմաների լուսաբանման աճի գագաթներ։
Մասնավորապես, եվրոպական թեմաների լուսաբանման աճի 32 տոկոսը կապված է Հայաստանում ժողովրդավարության իրավիճակին վերաբերող ԵԽԽՎ բանաձևերի հետ, աճի 2-4 տոկոսը՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հետ, 28-30 տոկոսը պայմանավորված է եղել Վրաստանի հնգօրյա պատերազմում Ֆրանսիայի միջնորդական առաքելությամբ, իսկ 8-10-տոկոսանոց աճը պայմանավորվել է ֆինանսատնտեսական ճգնաժամով։
Միաժամանակ Բեքարյանը նշեց, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործունեության թեման հայկական մամուլում շոշափվում է գլխավոարապես ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում։
«Փաստորեն, ԵԱՀԿ-ն հասարակության մեջ ասոցացվում է Մինսկի խմբի հետ»,- ասաց Բեքարյանը։
Նա նշեց նաև, որ ընթեցողի մոտ մտահոգություն առաջացնող հիմնական խնդիրը, համաձայն համատեղ անցկացրած ոչ պաշտոնական հարցման, այն է, որ «եվրոպական թեման լիովին չի բացվում, և բազմաթիվ անհասկանալի պահեր են մնում»։ -0-

