Գերմանիայի շաբաթների շրջանակում Գյոց Բերնաու և Սայալի Դադաս գերմանական դուետը ելույթ կունենա Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գյոց Բերնաու և Սայալի Դադաս դուետը՝ ապրիլի 2-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։
Երկու երաժիշտների երկարամյա երաժշտական կարիերան հաջողություններով է պսակվել թե Գերմանիայում և թե նրա սահմաններից դուրս։
Դաշնակահար Սայալի Դադասը, ով ուսանել է Բաքվի կոնսերվատորիայում և ապա Բեռլինի Արվեստների համալսարանում, այժմ այլ երաժշտական հաստատությունների թվում դասավանդում է նաև այս համալսարանում և վարպետության դասեր է տալիս Ճապոնիայում։
Ջութակահար Գյոց Բերնաուն ուսումնառությունից հետո դարձել է Գերմանիայի ամենաերիտասարդ կոնցերտմայստերը և երկար տարիներ աշխատել է „Berliner Symphoniker“ նվագախմբի հետ։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար խաչով։
Դուետի համերգային ծրագրում այլ գործերի թվում կներկայացվեն նաև Լ. վան Բեթհովենի, Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները։
Ապրիլի 3-ին Բերնաու և Դադաս դուետը ելույթ կունենա նաև Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում։
Իսկ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ապրիլի 1-ից 15-ը ներկայացվելու է Գերմանիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված մշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդես։-0-

