Համաշխարհային ճգնաժամը մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին ու արժեքային համակարգին. ՀՀ նախագահ
Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին, արժեքային համակարգին ու բարոյականությանը, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը, խորհուրդներ տալիս, պլաններ կազմում` սկսած անձնական ու ընտանեկան բյուջեների պլանավորումից, վերջացրած պետական բյուջեի պլանավորման խնդիրներով: Սակայն մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն է, որ ճգնաժամը ունի միայն ֆինանսական և տնտեսական բնույթ սոցիալական հետևանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է ողջ քաղաքական դաշտին, արժեքների համակարգին ու բարոյականությանը»,- ուրբաթ ասաց Սարգսյանը քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու Հայաստանը» թեմայով քննարկումների ժամանակ։
Նախագահի կարծիքով, թե ով իրեն ինչպես է դրսևորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունն ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, և սա, իհարկե, նաև անվտանգ է:
«Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում` չմատնվելով վիճակն անիմաստ բարդաց¬նող խուճապի: Գյուղացին փորձում է իր ունեցած միջոցներով սերմ ձեռք բերել, ցանել ու բերք պարգեւել: Գործարարները սկսել են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել. անշու՜շտ գովելի է: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ` «դու սա՜ արա, դու նա՜ արա՚, և այսպես շարունակ: Իսկ արդյո՞ք մենք` այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարևորը, խուճապի չմատնվելով և խուճապ չհրահրելով»,- ընդգծեց նախագահը:
Ինչպես հիշեցրեց երկրի նախագահը այս ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվորեն քննարկումներ է անցկացնում փորձագիտական լայն շրջանակների հետ, մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային և ուղղակի արված առաջարկությունները:
Սարգսյանն այս ճանապարհը ճիշտ համարեց, սակայն նկատեց, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկումն անհրաժեշտ է հենց այս փուլում: Թե ինչպես կզարգանա ճգնաժամը, մեծապես կախված է նաև դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից։
«Թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրև ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում»,- ասաց նախագահը:
Նրա խոսքերով, ծախսված տասնյակ միլիարդավոր դոլարներն ի զուր կլինեն, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը: «Կարծում եմ, մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ և հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները»:
«Ահա թե ինչու եմ ես նաև կարեւորում մեր այսօրվա հավաքը: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով»,- ասաց Սարգսյանը:-0-

