Հայկական ընդդիմությունը քաղաքապետի ընտրություններում դեռ կարող է միասնական ցուցակով հանդես գալ. նախկին քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի ու խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» կուսակցության, դեռ կարող է միասնական ցուցակով հանդես գալ քաղաքապետի ընտրություններում, կարծում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։
«Մեզ դեռևս չի հաջողվել պայմանավորվել «Ժառանություն» կուսակցության հետ, սակայն բանակցությունները տարվում են։ Բանակցությունների մանրամասներն ինձ հայտնի չեն, բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ընտրություններում հանդես կգան միասնական ցուցակով»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Խաչատրյանը։
«Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ին է ներկայացրել իր առաջարկած ցուցակը, որում առաջին համարի տակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանն էր, երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և երրորդը՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իր հերթին, ՀԱԿ-ը կուսակցությանն է ներկայացրել առաջարկվող ցուցակը, որում առաջին տեղը հատկացված էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին և միայն երրորդը՝ «Ժառանգության» ներկայացուցչին։ Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի ցուցակում «Ժառանգություն» կուսակցությանը ընդամենը 8 տեղ է հատկացվել։
Խաչատրյանի կարծիքով, Երևանի քաղաքապետի ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու ՀԱԿ-ի ու «Ժառանգության» տարաձայնությունները չեն ազդի երկու ուժերի փոխհարաբերությունների վրա։
«Մենք տարբեր մոտեցումներ ունենք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնա մեր հարաբերությունների վրա, և մենք կպահպանենք մեր համագործակցությունը»,- ասաց Խաչատրյանը։
Մայիսի 31-ին կանցկացվեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:-0-

