Ստամբուլում սեպտեմբերին հայկական ֆիլմերի փառատոն կանցկացվի

19.03.2009, 14:12
Ստամբուլում սեպտեմբերին հայկական ֆիլմերի փառատոն կանցկացվի
Ստամբուլում սեպտեմբերին հայկական ֆիլմերի փառատոն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ստամբուլում այս տարվա սեպտեմբերին հայկական ֆիլմերի փառատոն կանցկացվի, հինգշաբթի լրագրողներին տեղեկացեց փառատոնի կազմակերպիչ` Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը։  

«Մարտի վերջին Հայաստան կայցելեն թուրքական աշխատանքային խմբի անդամները, որոնց հետ մենք կքննարկենք այս տարվա սեպտեմբերին Ստամբուլում հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման մանրամասները», - տեղեկացրեց Վանյանը։

Նա նշեց, որ փառատոնին մասնակցության որևէ սահմանափակում չկա. ֆիլմը կարող է լինել ինչպես կարճամետրաժ, այնպես էլ լիամետրաժ, գեղարվեստական կամ վավերագրական։

Ստամբուլում Հայկական ֆիլմերի փառատոնը կդառնա Հայաստանում թուրքական ֆիլմերի փառատոնի շարունակությունը, որն այս օրերին անցկացվում է հանրապետության քաղաքներում։ «Մենք այս փառատոնները դիտում ենք որպես երկու երկրների միջև երկխոսության հաստատման գործիք», - ասաց Կովկասյան կենտրոնի տնօրենը։

Վանյանի խոսքերով՝ փառատոնի միջոցով Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ձգտում է ծանոթացնել թուրք երիտասարդներին հայ երիտասարդների կենսակերպի և խնդիրների հետ։

«Փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև օգոստոս», - ավելացրեց նա։

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թ.-ի փետրվարին։ Կազմակերպության նպատակը Հարավային Կովկասի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է, մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանության, կրթության, արվեստի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում տարածաշրջանային համագործակցության զարգացումը։-0-