Ճապոնիան ծրագրում է Հայաստանին տրամադրել 50 -100 միլիոն դոլար՝ գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով

19.03.2009, 10:41
Ճապոնիան ծրագրում է Հայաստանին տրամադրել 50 -100 միլիոն դոլար՝ գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով
Ճապոնիան ծրագրում է Հայաստանին տրամադրել 50 -100 միլիոն դոլար՝ գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) մտադիր է Հայաստանին տրամադրել արտոնյալ վարկ, որի ծավալը կկազմի 50-100 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն կուղղվի գյուղական ճանապարհի վերանորոգմանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին նախօրեին հայտարարել է JICA-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի պետ Կենիչի Յամատոտոն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով՝ մայիսի սկզբին նախատեսվում է JICA-ի  առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն վարկային համաձայնագրի պայմանները, ֆինանսավորման կոնկրետ չափը և ժամանակահատվածը:

Յամատոտոն  հավաստիացրել է, որ երկկողմ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ մինչև տարեվերջ կստորագրվի:

Սարգսյանն իր հերթին կարևորել է JICA-ի հետ սերտ համագործակցությունը։ Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգմանն ուղղված նոր վարկային ծրագրի կազմման գործընթացին՝ նախարարը տեղեկացրել է, որ այն արդեն վերջնական փուլում է, և առաջիկայում փաստաթղթերը  վերջնական տեսքի կբերվեն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ճանապարհների պահպանության խնդրին, որի լուծման համար  հնարավոր է նաև JICA –ի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:-0-