«Արմավիա» ավիաընկերությունը ներկայացրել է իր նոր Airbus-319 ինքնաթիռը
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը չորեքշաբթի ներկայացրել է իր նոր Airbus-319 ինքնաթիռը։ Ինքնաթիռը կոչել են հռչակավոր հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի պատվին, ում հարյուրամյակը նշվեց նախորդ տարի։
«Ինքնաթիռը միանգամայն նոր է և բերվել է ուղիղ Համբուրգում գտնվող Airbus-ի գործարանից», - լրագրողներին հայտարարել է «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։
Նրա խոսքերով՝ հերթական նոր ինքնաթիռի գնումը՝ միայն նոր ինքնաթիռներով սեփական պարկը համալրելու «Արմավիա» ընկերության քաղաքականության շարունակությունն է։
Բելլույանը տեղեկացրեց, որ ինքնաթիռը ձեռք է բերվել լիզինգային պայմանագրի հիման վրա։ Նա նաև նշեց, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում գների անկման շնորհիվ ինքնաթիռը հաջողվել է ձեռք բերել բավականին ցածր գնով։
Ինքնաթիռի շնորհանդեսի արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությա պետ Արտյոմ Մովսիսյանը, մշակույթի հայտնի գործիչներ։
А-319 աէրոբուսը ուղևորատար ինքնաթիռ է, որը նախատեսված է միջին տևողության չվերթների համար։ Այն ի վիճակի է մինչև 6800 կմ հեռավորությամբ չվերթներ իրականացնել։
А-319 ինքնաթիռի մշակումը սկսվել է 1990 թ.-ին, իսկ առաջին թռիչքն իրականացվել է 1995 թ.-ի օգոստոսի 25-ին։ А-319 ինքնաթիռը Բոյինգ 737-300 և 737-500, ինչպես նաև Մակդոնել-Դուգլաս MD-87 ինքնաթիռների հիմնական մրցակիցն է։
«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։
Այսօր ավիաընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում դեպի Ռուսաստան և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ չվերթերի՝ Հայատանում ամենախոշոր ցանցը։ «Արմավիան» շաբաթական շուրջ 70 կանոնավոր չվերթեր է իրականացնում 22 ուղղություններով՝ դեպի աշխարհի 10 երկրներ։ Ավիաընկերությունն ունի երեք Airbus 319-ը, երկու Airbus 320, մեկ Ту-134 և մեկ Ил-86։-0-

