Սարդարապատում Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցի և Գյոթեի ինստիտուտի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց
«Դպրոցներ. Ապագայի գործընկերներ» համաշխարհային ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում մարտի 17-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ տեղի միջնակարգ դպրոցի և Գյոթեի ինստիտուտի միջև, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Գիտության և կրթության նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Վիկտորինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կ. Ղազինյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը:
Մարզպետ Ղահրամանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ծրագրում ընդգրկված աշխարհի հազար դպրոցներից մեկը դարձել է հենց Սարդարապատի միջնակարգ դպրոցը։
Եսայանն էլ իր հերթին ընդգծեց, որ ԿԳ նախարարության և մեր երկրում Գերամանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության շնորհիվ վերելք է ապրում գերմաներեն լեզվի ուսումնասիրությունը, իրականացվում են տարբեր ծրագրեր ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգում։
Ներկայացված ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և նպատակ ունի խթանել Հայաստանում գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցումը:
Նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ինչպես գերմաներենի, այնպես էլ այլ առարկաների ուսուցիչների համար:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև բարձր դասարանների աշակերտների համար դասընթացներ Գերմանիայում:--0--

