«Յոթի գործով» դատավարությունն առաջին անգամ անց է կացվում առանց մեղադրյալների
Այսպես կոչված «յոթի գործով» դատավարության հերթական նիստն առաջին անգամ անցավ բոլոր ամբաստանյալների բացակայությամբ:
Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։ Հետո դատարանի որոշմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ուղարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը դադարեցվեց։
Այսպես կոչված «յոթի գործով» մեղադրյալներից վերջինը, ով անձամբ մասնակցել է դատական գործընթացին, Գրիգոր Ոսկերչյանը ուրբաթ 10 օրով հեռացվել է դատարանի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Ավելի վաղ գործի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացրել էր մնացած մեղադրյալներին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խախտելու համար։
Երկուշաբթի դատական նիստը հազիվ սկսված՝ հետաձգվեց կես ժամով։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց այն մասին, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը կես ժամ կուշանա։ Այս առնչությամբ, դատավորը որոշեց կեսժամանոց ընդմիջում հայտարարել։--0--

