Հայ և ամերիկացի փորձագետները Երևանում քննարկել են ընտանիքում կանանց նկատմամբ բռնության կանխման ուղիները
Հայ և ամերիկացի փորձագետները երկուշաբթի Երևանում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Ընտանեկան բռնության քրեական հետապնդումը և զոհերի պաշտպանությունը» թեմայով կոնֆերանսի ընթացքում քննարկել են ընտանիքում կանանց նկատմամբ բռնության կանխման ուղիները։
Կոնֆերանսին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, փորձագետներ ԱՄՆ-ից, դատավորներ և Հայաստանի իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում հայկական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ։
Ինչպես երկուշաբթի լրագրողներին ասաց ԱՄՆ դեսպանը, կոնֆերանսի նպատակն է քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է արդյունավետ պայքարել ընտանիքում բռնության դեմ։
«ԱՄՆ-ն այդ հարցում հարուստ փորձ ունի, և ամերիկացի փորձագետները մտադիր են կիսել իրենց գիտելիքները հայ մասնագետների հետ, ինչպես նաև ստանալ գիտելիքներ նրանցից», - ասաց Յովանովիչը։
Նրա խոսքերով, և հայկական, և ամերիկյան հասարակությունում գերակայում է մի տեսակետ, որի համաձայն` եթե կինը բողոքում է ընտանիքում բռնության դեմ, ապա նա քայքայում է իր ընտանիքը։
Իսկ իրականում, դեսպանի կարծիքով, ընտանիքը քայքայում է ամուսինը, ով ձեռք է բարձրացնում կնոջ վրա։ «Այդ իրողության դեմ անհրաժեշտ է պայքարել համատեղ ուժերով», - հայտարարեց Յովանովիչը։
Նա նշեց, որ եթե կինը լռում է այն մասին, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվում, ապա նա չի կտրում ընտանեկան բռնության շղթան, և նրա երեխաները ևս բռնության զոհ կդառնան և իրենք ձեռք կբարձրացնեն ընտանիքի կանանց վրա։
«Ամեն տարի ԱՄՆ-ում 5 միլիոն կին ընտանիքում բռնության զոհ է դառնում։ Չնայած այն բանին, որ վերջին երկու տասնյակի ընթացքում ԱՄՆ-ում որոշակի առաջընթաց է գրանցվել, վիճակագրական տվյալները դեռևս մտահոգություն են առաջացնում», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում ցուցանիշները ևս սփոփիչ չեն։
«Կոնֆերանսի ընթացքում մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե կոնկրես ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն և ԱՄՆ-ում, և Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխելու համար, ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի նման բռնության զոհերին», - ասաց Յովանովիչը։
Դեսպանի խոսքերով, նախևառաջ պետք է փոխվի հասարակական գիտակցությունը՝ ընտանիքում բռնության նկատմամբ։
«Ընտանեկան բռնությունը պետք է դիտարկվի ոչ որպես զուտ ընտանեկան մի բան, այլ որպես լուծում պահանջող լուրջ գլոբալ խնդիր», - ընդգծեց դեսպանը։-0-

