Հայաստանում «յոթի գործով» վերջին մեղադրյալը հեռացվել է դատարանի դահլիճից անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար
Այսպես ասած «յոթի գործով» վերջին մեղադրյալը, որն անձամբ մասնակցում էր դատական գործընթացին, Գրիգոր Ոսկերչյանը, 10 օր ժամկետով հեռացվել է դատարանի դահլիճից անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։
Ավելի վաղ գործի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացրել էր մնացած մեղադրյալներին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և նիստի բնականոն ընթացքը խափանելու համար։
Միասնական գործի շրջանակներում քննվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի դեմ մեղադրանքները, որոնք, մասնավորապես, մեղադրվում են սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության, իշխանության բռնազավթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքի անօրինական ձեռքբերման և կրելու մեջ։
Այսօրվա նիստի ժամանակ դատավոր Մարտիրոսյանը մերժել է պաշտպանության կողմի բացարկը, որն անցյալ նիստի ժամանակ հայտարարվել էր քարտուղար Վարդուհի Սարգսյանին։
Պաշտպանության կողմը, ի պատասխան տվյալ որոշման, դատախազ Կորյուն Փիլոյանի մեղադրանքը սատարող բացարկի մասին միջնորդություն հայտարարեց, որը դատավոր Մարտիրոսյանը անհիմն համարեց և մերժեց։ Սակայն մեղադրյալների փաստաբանները, արհամարհելով տվյալ որոշումը, երկրորդ անգամ բացարկ հայտարարեցին, որը դատավոր Մարտիրոսյանը չդիտարկեց, քանի որ արդեն մերժել էր համանման միջնորդությունը։
Պաշտպանության կողմը սրանով չբավարարվեց և բացարկ հայտարարեց դատարանում մեղադրանքին սատարող ևս մեկ դատախազ Հովսեփ Սարգսյանին։ Սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատավոր Մարտիրոսյանը ընդհատեց դատական նիստը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

