ՀՀ ԱԳ նախարարը և Շառլ Ազնավուրը Փարիզում բացեցին Երևանի պարտեզը

13.03.2009, 10:30
ՀՀ ԱԳ նախարարը և Շառլ Ազնավուրը Փարիզում բացեցին Երևանի պարտեզը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում բացել են Երևանի պարտեզը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիսավոր արարողության ընթացքում Դելանոեն ասել է, որ Փարիզի սրտում Երևանի պարտեզի բացումը հայ և ֆրանսիացի ժողովուրդների բերեկամական ու ջերմ հարաբերությունների, համակրանքի և փոխադարձ հարգանքի հերթական վկայությունն է և Փարիզի յուրահատուկ նվերը քույր քաղաք Երևանին։

ՀՀ արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Երևանի և Հայաստանի հանդեպ նման բարեկամական վերաբերմունքի համար՝ հայտարարելով, որ Երևանի պարտեզի բացումը որակեց հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությամբ ստուգված բարեկամության ևս մեկ խորհրդանիշ։

Երևանի պարտեզի բացման գաղափարը մի քանի տարի առաջ առաջարկվել էր Ֆրանսիայում նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանի կողմից։

Երևանի պարտեզի բացման դանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության հարցերով նախարար Անդրե Սանտինին, սենատորներ և Ազգային ժողովի պատգամավորներ, պետական և քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, դիվանագետներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ֆրանսիական ժամանակակից երգի աստղ Էլեն Սեգարան, հայտնի կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանը, ֆրանսահայ հոգևոր և աշխարհիկ պետեր, ֆրանսահայ հարյուրավոր դպրոցականներ: Երևանի պարտեզը սկիզբ է առնում Կոմիտասի արձանի մոտից և տարածվում մինչև Ադամ Միցկևիչի արձանը:-0-