Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ՀՀ կառավարությունը վերաբաշխում է պետբյուջեն
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց 2009թ. պետբյուջեի վերաբաշխման և ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2010-1012թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակավոր դադարեցման մասին։
«Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները սկսում են էական ազդեցություն գործել Հայաստանի տնտեսության վրա։ Մենք բավական ուշադիր հետևում ենք իրավիճակին և մոնիտորինգ ենք իրականացնում, սակայն տարվա առաջին երկու ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ռիսկերը, որոնց մասին մենք խոսել ենք ավելի վաղ, ներկայում ավելի ակնհայտ են դառնում»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Նախարարը պարզաբանեց, որ խոսքը ՀՆԱ-ի դինամիկայի, հարկահավաքի և պետբյուջեի եկամուտների ձևավորման մասին է։
Դավթյանը հայտնեց, որ ՀՀ պետբյուջեի վերաբաշխումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով։
Նա ընդգծեց, որ երկրի կառավարության կողմից ընդունվող որոշումների փաթեթը առաջին օպերատիվ պատասխանն է ստեղծված իրավիճակին՝ բյուջետային ծրագիրն ավելի կանխատեսելի դարձնելու և հարկահավաքի գործընթացն առավելագույնս կարգավորելու ու պետբյուջեի եկամտային հոդվածի ձևավորման համար։
Նախարարի տվյալներով, վերաբաշխման ընդհանուր չափը կազմում է 93 մլրդ դրամ (260 մլն դոլար)։
Ինչպես պարզաբանեց նախարարը, տվյալ ռիսկային չափն իրենից ներկայացնում է պետբյուջեի եկամուտների ծավալը, որը, հավանաբար, չի իրականացվի և տեղափոխվում է 2009 թ. չորրորդ եռամսյակ։
«Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման, այլ եռամսյակային հատկացումների փոփոխման մասին է։ Փոփոխությունները չեն վերաբերի սոցիալական ծախսերին, թոշակների, նպաստների և աշխատավարձերի վճարման ծախսերին։ Չեն վերանայվի նաև երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ծրագրերը և բյուջեի պաշտպանության հոդվածը։ Հիմնական փոփոխությունները կվերաբերեն գույքի ձեռքբերման, գործուղման հատկացումներին, պետաշխատակազմի ծախսերի տնտեսմանը»,- ընդգծեց Դավթյանը։
ՀՀ խորհրդարանը 2008թ. նոյեմբերի 27-ին հաստատել էր 2009թ. երկրի պետբյուջեն: Պետբյուջեի համաձայն, ընդհանուր եկամուտները ծրագրված են 905,4 մլրդ դրամի չափով (շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար), ծախսերը՝ 945,4 մլրդ դրամի (3,1 մլն ԱՄՆ դոլար), պակասորդը՝ 40 մլրդ դրամ (ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլար): 2009 թ.-ին ծրագրված է ՀՆԱ-ի 9,2% աճ 4% (±1,5%) սղաճի դեպքում: -0-

