Հայաստանում մեկնարկել է ինտելեկտուալ խաղերի ուսանողական թիմերի գարնանային շրջանը
Երևանում նախօրեին մեկնարկել է ինտելեկտուալ խաղերի ուսանողական թիմերի գարնանային շրջանը, որը համատեղ անցկացնում են Հայաստանի Երիտասարդական կենտրոնն ու Հայաստանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման խմբագրակազմը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման գլխավոր խմբագիր Նատաշա Մանուսաջյանը, մրցաշարի գլխավոր նպատակն է սովորեցնել ուսանողական թիմերին մրցել՝ ինտելեկտուալ խաղերի տարածման նպատակով։
Մանուսաջյանը նաև ավելացրեց, որ բացի գարնանային շրջանից կանցկացվի նաև խաղերի աշնանային շրջան։
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի գարնանային շրջանի առաջին հանդիպմանը մասնակցեցին 14 ուսանողական թիմեր՝ Երևանի բոլոր պետական բուհերից և որոշ մասնավոր բուհերից։
Համառ պայքարում առաջին տեղը կիսեցին Մոսկվայի տնտեսության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի (МЭСИ) երևանյան մասնաճյուղի, Երևանի պետական համալսարանի և Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի թիմերը։
Գարնանային շրջանը բաղկացած կլինի երեք փուլերից՝ մարտ, ապրիլ և մայիս։ Շրջանի հաղթողը կորոշվի երեք փուլերի արդյունքում թիմերի հավաքած բոլոր միավորների հանրագումարով։-0-

