«ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահը ՀՀ նախագահին ներկայացրեց հանրապետությունում ընկերության գործունեության ընդլայնման ծրագրերը
Ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը չորեքշաբթի նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել հանրապետությունում ընկերության գործունեության ընդլայնման ծրագրերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Կողմերը քննարկել են առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ադամանդագործության զարգացման միտումները` անդրադառնալով ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքին, աջակցության հնարավորություներին ու հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Սերգեյ Վիբորնովը հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, նոր և խոշոր նախագծեր իրականացնելու վերաբերյալ»,- նշեցին մամուլի ծառայությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցության խորացումը և փոխշահավետ ծրագրերի իրականցումը:-0-

