Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին
Համաշխարհային Բանկը հայտնում է իր աջակցությունը Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար:
Ինչպես նշվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Համաշխարհային բանկի երևանյան ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ, փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար:
«Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարևոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից՝ շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի և գործուն բանկային համակարգի:
Աղբյուրի համաձայն՝ Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը հայկական բանկերի և այլ ընկերությունների հետ:
«Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին», - հայտարարեցին Համաշխարհային բանկից։
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց արտարժութային շուկայում սեփական միջամտությունները սահմանափակելու մասին՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը։ -0-

