ՀՀ վարչապետը ՌԴ ԿԲ նախագահի հետ քննարկել է հակաճգնաժամային միջոցառումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ Մոսկվայում ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ քննարկել է հակաճգնաժամային միջոցառումների հետ կապված հարցերը, Մոսկվայից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
«Հանդիպման ընթացքում Իգնատևը խոսել է ռուս ֆինանսիստների փորձի մասին, պատմել ֆինանսական կայունության ապահովանն ուղղված ԿԲ գործողությունների մասին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։
Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ քննարկվել են Մեժգոսբանկի կողմից Հայաստանի իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման հարցերը։
Մնացականյանն ավելացրեց, որ ձեռնարկությունների ցանկը կներկայացվի, երբ հայկական պատվիրակությունը վերադառնա Երևան և նախապատրաստի համապատասխան տեղեկանք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակությունը մեկօրյա այցով գտնվում է Մոսկվայում։
Այցի ընթացքում ծրագրված են ՀՀ վարչապետի հանդիպումները ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի, ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտի, ինչպես նաև մի շարք ձեռներեցների հետ։-0-

