Սիրիայի նախագահը 2009 թ.-ին կայցելի Հայաստան

27.02.2009, 10:59
Սիրիայի նախագահը 2009 թ.-ին կայցելի Հայաստան
Սիրիայի նախագահը 2009 թ.-ին կայցելի Հայաստան

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը 2009 թ.-ի ընթացքում մտադիր է այցելել Հայաստան, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Այս մասին Ասադը հայտարարել է նախօրեին Դամասկոսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ով Սիրիայի նախագահին է փոխանցել Հայաստան այցելելու՝ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերը։

«Ալ-Ասադը խնդրել է իր ողջույները փոխանցել ՀՀ նախագահին և հաղորդել, որ ինքը, ընդունելով հրավերը, հաճույքով Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում», - նշեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիան կարևորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար գոյություն ունի համապատասխան քաղաքական կամք և բավականին ընդարձակ իրավապայմանագրային դաշտ:

Նալբանդյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը շահագրգռված է արաբական աշխարհի առաջատար պետություններից մեկի՝ Սիրիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և ամրապնդմամբ, ու Դամասկոս այցելությունն այդ շահագրգռվածությունը վերահաստատելու նպատակ է հետապնդում:

Ասադն ու Նալբանդյանը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

«Նախագահ Ասադը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք նպաստում են տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասվում է տեղեկատվության  մեջ։-0-