Մարտին երևանցի դպրոցականների մայրերի համար կանցկացվի «Մայրենին սրբորեն պահպանող մայրեր» մրցույթը

24.02.2009, 19:43
Մարտին երևանցի դպրոցականների մայրերի համար կանցկացվի «Մայրենին սրբորեն պահպանող մայրեր» մրցույթը

Մարտին երևանցի դպրոցականների մայրերի համար կանցկացվի «Մայրենին սրբորեն պահպանող մայրեր» մրցույթը, երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մայրաքաղաքային քաղաքապետարանի կրթության վարչությունից։   

«Մրցույթի նպատակն ու խնդիրը մայրենի լեզուն անաղարտ պահելն է, ազգային ոգին պահպանող ու իրենց երեխաներին փոխանցող մայրերին հայտնաբերելն ու խրախուսելը»,- ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը։  

Նրա խոսքերով, մրցույթն անցկացվելու է մայրաքաղաքային բոլոր դպրոցներում երկու փուլով. առաջինը՝ դպրոցական փուլը, կընթանա մինչև մարտի 15-ը, այն կանցկացնեն մրցույթի մասնակից դպրոցներում ստեղծված հանձնաժողովները իրենց կողմից մշակված կարգով։ Այս փուլի հաղթող մասնակցուհիները կանցնեն երկրորդ ամփոփիչ փուլ, որը կընթանա մինչև մարտի 27-ը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից։   

Վարդանյանի խոսքերով, մրցույթի մասնակիցները պետք է պատասխանեն բավականին բազմազան հարցերի հայկական գրերի ծագման, գրականության ու պոեզիայի պատմությունից, որտեղ հատկապես վառ է արտացոլվում մոր կերպարը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաև նշեց, որ մրցույթի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մոր ու երեխայի հանպատրաստից զրույց տրված թեմաներով, մասնավորապես, մոր մասին երեխայի պատմությունը։   

Վարդանյանը հայտնեց, որ մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակումներ չկան, քանի որ դրանք կարող են լինել ինչպես առաջին դասարանցիների, այնպես էլ ավագ դասարանների աշակերտների մայրեր։ --0--