Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ֆրանց Բեկենբաուեր» արծաթե հուշադրամը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Ֆրանց Բեկենբաուեր» արծաթե հուշադրամը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։
Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում: Այն նվիրված է Ֆրանց Բեկենբաուերին: Ընդհանուր առմամբ թողարկվել է 200 հազար հուշադրամ, յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով։
Դրամը ձուլված է 925 հարգի արծաթից, 38,61 մմ տրամագծով և 28,28 գ քաշով։ Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը, որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «09»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է:
Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին Գերմանիայի դրոշի գունային ֆոնի վրա Ֆրանց Բեկենբաուերի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը:
Ֆրանց Բեկենբաուերը գերմանացի ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ է։ 1974 թ.-ի աշխարհի չեմպիոն, 1966 թ.-ի աշխարհի առաջնության ֆինալիստ, 1970 թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1972 թ.-ի Եվրոպայի չեմպիոն, Գերմանիայի հնգակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների եռակի գավաթակիր։ Որպես գլխավոր մարզիչ՝ Գերմանիայի հավաքականի հետ հաղթել է 1990 թ.-ի աշխարհի առաջնությունը։--0--

