Հայաստանը բոլորից ավելի է շահագրգռված Վրաստանում խաղաղության և կայունության պահպանմամբ. ԱԳՆ

20.02.2009, 17:40
Հայաստանը բոլորից ավելի է շահագրգռված Վրաստանում խաղաղության և կայունության պահպանմամբ. ԱԳՆ
Հայաստանը բոլորից ավելի է շահագրգռված Վրաստանում խաղաղության և կայունության պահպանմամբ. ԱԳՆ

Հայաստանը Վրաստանում խաղաղության և կայունության պահպանմամբ ամենաշահագրգռված երկիրն է, կարծում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ Հայաստանը Վրաստանում խաղաղության և կայունության պահպանմամբ ամենաշահագրգռված երկիրն է, և ոչ միայն այն պատճառով, որ հիմնականում մեր ապրանքաշրջանառությունը Վրաստանի տարածքով է, իսկ երկրում բնակվում է 300-հազարանոց հայկական համայնք, այլև այն պատճառով, որ մեր ժողովուրդները կապված են ընդհանուր պատմությամբ և բարեկամությամբ։ Դրանից ելնելով էլ մենք կառուցում մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- ասաց նախարարն  ուրբաթ Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին: Այցի ընթացքում նախատեսված են Գրիգոլ Վաշաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վրացական պատվիրակությունը կայցելի նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր:

Ինչպես հայտնեց ՀՀ ԱԳ նախարարը, հանդիպման ժամանակ կողմերը կառուցողական զրույց ունեցան, որի ժամանակ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հայտնեց ՀՀ արտգործնախարարը, կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչը բնորոշ է բարեկամական ժողովուրդների միջև ձևավորված ավանդական կապերի համար։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ.սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1–ը Վրաստան կատարած  այցի ժամանակ  երկու նախագահների մակարդակով ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ։

«2008 թվականի դեկտեմբերին միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն մի շարք ոլորտներում համագործակցության խթանման վերաբերյալ, իսկ այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք նախագահների և հանձնաժողովների հանդիպումների ժամանակ ձեռք բերված այդ պայմանավորվածությունների կատարման ընթացքը»,- նշեց նա։

Նալբանդյանն ավելացրեց, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննակվեցին տարածաշրջանում կայունության հաստատման և ամրապնդման հարցեր, Վրաստանի հայերին հուզող հարցեր։

Ինչպես հավաստիացրեց նախարարը, Հայաստանը միշտ ուշադրության կենտրոնում է պահում վիրահայերի խնդիրները և վրացական կողմի հետ համատեղ հետևողական է դրանց լուծման գործում։ -0-