Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման. փորձագետ

16.02.2009, 16:49
Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման. փորձագետ
Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման. փորձագետ

Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցումը կարող է օգնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Թուրքիան Հայաստանին համարում է Ռուսաստանի քաղաքականության ֆավորիտը, Ռուսաստանի շահերի ներկայացնողը տարածաշրջանում։ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մոտեցումը կարող է հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»,- ասաց քաղաքագետը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը ուրբաթ՝ փետրվարի 13-ին, բանակցություններ են վարել պետական այցով ՌԴ այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը, ԵՍԶՈՒՊ հիմնախնդրի, Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Իրաքում տիրող իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Բոզոյանի խոսքերով, Հայաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ, որոնք, ինչպես հիշեցրեց նա, փակվել են Թուրքիայի նախաձեռնությամբ։ Բացի այդ, ներկայումս Հայաստանն, ի տարբերություն Թուրքիայի, նախապայմաններ չի դնում սահմանների բացման համար։

«Թուրքիայի կողմից ներկայացվող պայմանները հակասում են Հայաստանի ազգային շահերին։ Եթե մեզ հաջողվի հասնել սահմանների բացմանն առանց պայմանների, դա կարելի է Հայաստանի հաջողությունը համարել»,- հայտարարեց նա։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Ինչպես նկատեց Բոզոյանը, հարաբերությունների հաստատումը օգուտ կբերի նաև հենց Թուրքիային, որտեղ մշտապես փոխվում են ներքին տրամադրությունները և որը մշտապես լարված մթնոլորտ է նկատում այն երկրներում, որտեղ հայկական սփյուռք կա։ Քաղաքագետի կարծիքով, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում Թուրքիան փորձում է «ինչ-որ բան պոկել Հայաստանից», մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

1915-1923 թթ-ի հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայ փախել է Կովկաս ու Եվրոպա, իսկ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում բնակվող 2 մլն հայից 150 հազարն է մնացել այնտեղ։ --0—