Երևանում կանցկացվի մարդկանց առևտրի հարցերով դպրոցական կրթության ծրագրի առաջին ազգային կոնֆերանսը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 17-ին Երևանում կանցկացվի «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի առաջին ազգային կոնֆերանսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։
2008 թվականի նոյեմբերից Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն իրականացնում է Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է մշակել և տարածել ուսուցողական նյութեր, որոնք կբարձրացնեն միգրացիայի, թրաֆիկինգի վտանգների և առկա կանխարգելիչ միջոցառումների մասին իրազեկության աստիճանը դպրոցականների, ուսուցիչների և ծնողների մոտ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում` տեղական կրթական հաստատությունների միջոցով, ինչը կնպաստի Հարավային Կովկասում մարդկանց թրաֆիկինգի կանխարգելմանը։
Հատուկ մշակված ուսուցողական ծրագրով ուսուցիչները կվերապատրաստվեն մարդկանց թրաֆիկինգի ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ ստացած գիտելիքները իրենց գործընկեր ուսուցիչներին և 15-17 տարեկան աշակերտներին փոխանցելու համար` տալով տեղեկատվություն առկա պաշտպանական մեխանիզմների և կանխարգելման անհատական միջոցների վերաբերյալ:
Այս տարածաշրջանային ծրագիրը նախատեսում է երեք թիրախ պետություններում բարձրացնել Կրթության նախարարությունների կարողությունները մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործում` այդ երկրների ազգային ծրագրերին համապատասխան և նպաստել թրաֆիկինգի թեման դպրոցական ծրագրում ընդգրկելուն:
Այն համահունչ է Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրին, մասնավորապես` ռազմավարության այն հատվածին, որը նախատեսում է դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը:
Ծրագրի տևողությունը երկու տարի է` 2008 թ. նոյեմբերից մինչև 2010 թ. հոկտեմբերը: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին ՄՄԿ-ին կհաջողվի երեք թիրախ երկրներում թրաֆիկինգի թեման ներառել դպրոցական ծրագրերում:--0--

