Երևանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության շնորհանդեսը
Երևանում ուրբաթ տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության շնորհանդեսը։
Միության նախագահ Արման Վարդանյանի խոսքերով, միության հիմնական գործունեությունն ուղղվելու է քաղաքական գործընթացներում երիտասարդ սերնդի ներգրավմանը։
«Մենք կարևորում ենք երիտասարդության ակտիվ մասնակցությունը հասարակական և քաղաքական գործընթացներին, իսկ առաջնահերթ խնդիրներից մեկը քաղաքական դաշտի սերնդափոխությունն է»,- ասաց Վարդանյանը շնորհանդեսին։
Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում երիտասարդների մեծ խումբ կա, ովքեր կամենում են զբաղվել քաղաքականությամբ, սակայն երիտասարդության ներկայկացուցիչները չեն ցանկանում ներգրավվել տարբեր քաղաքական կառույցներում։
«Բանն այն է, որ շատ քաղաքական կառույցներ փակ համակարգեր են»,- պարզաբանեց Վարդանյանը։
Նրա խոսքերով, միությունն այլընտրանքային դաշտ է, որում երիտասարդը, լինելով այս կամ այն քաղաքական ուժերի հետևորդ, կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին։
Վարդանյանը հայտնեց, որ ստեղծվել է միությանն առընթեր փորձագիտական խորհուրդ, որի մեջ մտնում են երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում մեծ ազդեցություն ունեցող և սերնդափոխության նորմալ մեխանիզմները լավ պատկերացնող մարդիկ ։
Փորձագետների թվում նա առանձնացրեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանին, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանին, «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, քաղաքագիտության թեկնածու Խաչիկ Գալստյանին։ -0-

