2011 թվականից հետո ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կբարձրանա միանգամայն նոր մակարդակի վրա. Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2011 թ.-ից հետո Հայաստանի և Եվրամիության քաղաքական ու տնտեսական համագործակցությունը կբարձրանա միանգամայն նոր մակարդակի վրա, ասաց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Համոզված եմ, որ «Եվրոպական հարևանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ ծրագրով նախատեսված 2009-2011 թթ. Գործողությունների ծրագրի հաջող իրականացման դեպքում 2011 թ.-ին Հայաստանին կհաջողվի մերձենալ ԵՄ-ի հետ շատ ուղղություններով», - հինգշաբթի ասաց նա լրագրողներին՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ-երկրների դիվանագիտական ներկայացուցչութունների ղեկավարներին ծրագիրը ներկայացնելուց հետո։
Եվրոպական կառույցների հետ համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը՝ Բաղդասարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 21-ին հավանության է արժանացրել 2009-2011 թթ. գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է «Եվրոպական հարևանության» քաղաքականության ծրագրով և մշակվել է՝ հաշվի առնելով Եվրամիության նոր առաջարկությունները։
Դա համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է միջոցառումներ և նախագծեր քաղաքականության, իրավունքի, ենթակառուցվածքների ոլորտներում, ինչպես նաև հումանիտար, սոցիալական, ֆինանսատնտեսական, առևտրային, բնապահպանական և առողջապահական հարցերում։
Բաղդասարյանը նաև նշեց, որ այսօր Եվրամիությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում առաջ է քաշել քաղաքական համագործակցության նոր ձև, և այս տարվա մայիսին տեղի կունենա այդ ծրագրին մասնակցող պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ ԵՄ-ի հետ համագործակցության գործում՝ երկխոսության և քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նոր աստիճան է ԵՄ երկրների հետ քաղաքական համագործակցության գործում», - ընդգծեց նա։
ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում։
Իրականացման դեպքում այդ ծրագիրն էականորեն կփոխի ԵՄ քաղաքականությունն այն պետությունների նկատմամբ, որոնք հեռանկարում կարող են միության անդամ դառնալ։ Ծրագրով նախատեսվում է բազմակողմ առևտրին վերաբերող նոր պայմանագրերի կնքում, այդ երկրների միջև նոր առևտրային ցանցի ստեղծման խրախուսում, ԵՄ տնտեսության մեջ աստիճանաբար ինտեգրում։ Ծրագիրը նաև նախատեսում է էներգետիկ անվտանգությանը նվիրված նոր միջոցառումներ և լրացուցիչ ֆինանսական օժանդակություն։ -0-

