Ֆրանսիական «Միջազգային քաղաքականություն» հեղինակավոր հանդեսը հատուկ բաժին է նվիրել Հայաստանին

11.02.2009, 12:07
Ֆրանսիական «Միջազգային քաղաքականություն» հեղինակավոր հանդեսը հատուկ բաժին է նվիրել Հայաստանին

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական շրջանակներում եվրոպական ամենահեղինակավոր հրատարակություններից է, իր վերջին համարում ավելի քան 100-էջանոց հատուկ բաժին է նվիրել Հայաստանին, չորեքաբթի հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։

«Բաժինն սկսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հոդվածով, որտեղ ներկայացված են Հայաստանի անկախության ճանապարհը, երկրի առջև այսօր կանգնած խնդիրներն ու հեռանկարները», - ասվում է տեղեկատվության մեջ։

«Ապագան մեզ է պատկանում» վերնագրով հոդվածում Հանրապետության նախագահը, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման հնարավորությունների լիարժեք օգտագործման ենթատեքստում, հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը՝  ներկայացնելով այսօրվա իրողություններն ու դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի տեսակետները:

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, աշխարհում Հայաստանի տեղի, Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն է ներկայացնում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդեսին տված հարցազրույցում։ Հայ-ֆրանսիական հարուստ և հագեցած հարաբերությունների մասին է պատմում Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

«Միջազգային քաղաքականություն» հադեսում զետեղված են նաև պատմաբան Մարսել Լեարի «Սփյուռքի հաղթաթուղթը», ցեղասպանության ուսումնասիրման ասպարեզում ճանաչված մասնագետ Իվ Տերնոնի «Թուրքիա. Ժխտողականության փակուղին» և իտալացի հայագետ, պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի  «Հայ միտքը Արևելքի և Արևմուտքի միջև» հոդվածները: Հայաստանի տնտեսության անցումային շրջանի, տնտեսական կայունացման ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին է խոսվում տնտեսագետ Վահագն Գրիգորյանի հոդվածում:

Հանդեսը Հայաստանին նվիրված հատուկ բաժնում զետեղել է նաև Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» գրքի նախաբանը, որտեղ մեծ արվեստագետն իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացնում է օտար ափերում հայտնված գաղթական հայերի դժվարին ուղին, ինչպես նաև լավագույն ապագայի ակնկալիքները։

««Միջազգային քաղաքականություն» եռամսյա հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերը: Ներկա համարում հրապարակվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, Բրազիլիայի նախագահ Լուիշ Ինյացիո Լուլա դա Սիլվայի հարցազրույցները», - ասվում է տեղեկատվության մեջ։ -0-