Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունն ու պատանեկան մրցաշարը կանցկացվեն Հայաստանում 2009 թ.-ին
2009 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում կանցկացվեն բռնցքամարտի պատանիների խոշոր միջազգային մրցաշարեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Փետրվարի 16-18-ը Հայաստանում Բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ կանցկացվի Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի և Հայաստանի պատանեկան հավաքականների միջազգային ընկերական հանդիպումը»,- ասաց գործակալության զրուցակիցը։ Մրցույթը, որը կանցկացվի Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում, առաջին անգամ է տեղի ուենենում Հայաստանում։
Մրցույթի գլխավոր մրցավարը ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է։
Բացի այդ Ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտնեց, որ մայիսի 29-30-ին Երևանում կանցկացվի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ «Պատանեկան մրցաշարը թույլ է տալիս գնահատել պատանի հայ բռնցքամարտիկների հնարավորություններն ու պատրաստվածությունը»,- նշեց գործակալության զրուցակիցը։
Նա հիշեցրեց, որ հունվարի 14-28-ը ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան Ծաղկաձորում ավագ և պատանի բռնցքամարտիկների համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել։
Ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ փետրվարի 23-27-ին Երևանում կանցկացվի երիտասարդական, իսկ մարտի 1-7-ը՝ բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որոնց ժամանակ կորոշվի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար հավաքականների կազմը։ --0--

